Հոկտեմբերի 10-ից 12-ը ընկած ժամանակահատվածում, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ, Անտվերպենի հոգևոր հովիվ՝ հոգեշնորհ Տեր Տիրայր վարդապետ Հակոբյանի և Լիեժի հոգևոր հովիվ՝ հոգեշնորհ Տեր Մաղաքիա աբեղա Պեսքիսիզյանի գլխավորությամբ, ինչպես նաև Անտվերպենի Սուրբ Գրիգոր Նարեկացի և Լիեժի Սուրբ Խաչ եկեղեցիների երիտասարդների ջանքերով, Դուրբույ քաղաքում տեղի ունեցավ եռօրյա հոգևոր ճամբար՝ նախատեսված 16-30 տարեկան երիտասարդների համար։
Օրակարգը հագեցած էր հոգևոր զրույցներով, Աստվածաշնչի սերտողությամբ, շարականներով, ժամերգություններով և երիտասարդական մի շարք միջոցառումներով։ Ճամբարի ավարտին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին մասնակցեցին բոլոր ներկա երիտասարդները։
Վերջում, միմյանց կրկին տարբեր առիթներով տեսնելու հույսով, երիտասարդները հրաժեշտ տվեցին հայր սուրբերին և միմյանց՝ բաժանվելով լավ հիշողություններով ու նոր ձեռք բերված ընկերություններով։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հոգևոր հովիվներին, երիտասարդների կազմակերպչական խմբին, եկեղեցու տիկնանց և տղամարդկանց, ինչպես նաև բոլոր ներկաներին՝ իրենց ներկայության և աջակցության համար։