ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

«Ավագ շաբաթը Տիրոջ հետ»․ հոգևոր առանձնացում Բելգիայի հայ երիտասարդների համար

Ս․թ․ մարտի 13–ից 15-ը Բելգիայի Հայ Առաքելական Եկեղեցին իր համայնքի երիտասարդների համար կազմակերպեց Մեծ Պահքի եռօրյա հոգևոր առանձնացում՝ «Ավագ շաբաթը Տիրոջ հետ» խորագրով։

Առանձնացմանը մասնակցեցին շուրջ 45 հայ երիտասարդներ Բելգիայի տարբեր քաղաքներից, որոնք համախմբվել էին աղոթքով, խորհրդածության և հոգևոր հաղորդության միջոցով՝ միասին պատրաստվելու Սուրբ Հարության տոնին։ Այդ օրերին երիտասարդները ավելի գիտակցաբար վերապրեցին իրենց հավատքը, խորացան Մեծ Պահքի և հատկապես Ավագ շաբաթվա խորհրդի մեջ, ունկնդրեցին հոգևոր ուղերձներ և մասնակցեցին զրույցների ու քննարկումների։

Հավաքը նախագահում էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որի հոգևոր առաջնորդության շնորհիվ ծրագիրը ստացավ աստվածաշնչյան, եկեղեցաբանական և հատկապես երիտասարդական կյանքին առնչվող ուղղություն։

Սրբազան Հայրը իր բացման խոսքում շեշտեց Մեծ Պահքի՝ զղջման, ներման և վերածնության ուղին՝ երիտասարդներին խրախուսելով մնալ Հայ Եկեղեցու աղոթող և կենսատու զավակներ՝ իրենց հավատքը դրսևորելով ոչ միայն եկեղեցում, այլև առօրյա կյանքում՝ ուսումնառության, աշխատանքի և ընտանեկան հարաբերությունների մեջ։

Հոգևոր ծրագիրը վարում էին Նյու Յորքի Սուրբ Ներսես հայկական ճեմարանի երկու սպասավորներ՝ Արին սարկավագ Պարսամյանը և Շահե կիսասարկավագ Ճանյանը։ Նրանց առաջնորդությամբ կազմակերպվեցին Սուրբ Գրքի ուսումնասիրության հանդիպումներ և թեմատիկ զրույցներ՝ Մեծ Պահքի իմաստի, Ավագ շաբաթվա իրադարձությունների, ինչպես նաև երիտասարդի ներաշխարհի, ինքնաճանաչողության և ժամանակակից մարտահրավերների մասին։ Հարց ու պատասխանների միջոցով մասնակիցները ավելի խորությամբ ծանոթացան իրենց հավատքի հիմքերին և եկեղեցու ավանդությանը։

Հավաքին ներկա էին նաև Բելգիայում ծառայող երեք հոգևորականներ՝ Տ. Զատիկ վրդ. Ավետիքյանը, Տ. Տիրայր վրդ. Հակոբյանը և Տ. Մաղաքիա աբղ. Պեսքիմիզյանը, որոնք իրենց հոգևոր խորհրդածություններով երիտասարդներին ուղղորդեցին դեպի անձնական հոգևոր կյանքի ճանաչում։

Կիրակի առավոտյան բոլոր մասնակիցները Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում ներկա գտնվեցին Սուրբ և Անմահ Պատարագին։ Այսպիսով, աղոթքով ու Սուրբ Պատարագի խորհրդին մասնակցությամբ իր լրումը ստացավ եռօրյա առանձնացումը։

Առանձնացման օրակարգում ներառված էին ինչպես աղոթքի և լռության պահեր, այնպես էլ համախմբող ծրագրեր՝ քննարկումներ, խմբային աշխատանքներ և ազատ շփում, որոնց միջոցով երիտասարդները ոչ միայն հոգևորապես զորացան, այլև ամրապնդեցին միմյանց հետ իրենց բարեկամական և համայնքային կապերը։

Եռօրյա առանձնացումը եզրափակվեց Հայրապետական պատվիրակի ամփոփիչ խոսքով, որի ընթացքում նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, սարկավագներին և բոլոր երիտասարդներին՝ նրանց ոգևորելով շարունակելու իրենց գործուն մասնակցությունը եկեղեցական և համայնքային կյանքին և Մեծ Պահքի ընթացքը դիմավորելու՝ հոգևորապես թարմացած ու վերանորոգված հոգով՝ ի սպաս Սուրբ Հարության մեծ տոնի։