Շաբաթ, մարտի 21-ի առավոտյան, Իտալիայի Նեապոլ քաղաքի San Gregorio Armeno (Ս․ Գրիգոր Հայոց) եկեղեցին լեփլեցուն էր հայ հավատացյալներով։ Այս տարի, արդեն ավանդույթ դարձած՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Մուտն ի Վիրապ» հիշատակության օրը այստեղ մատուցվող Սուրբ և անմահ պատարագին ուխտավորների հոսքը իսկապես բացառիկ էր։
Հիրավի, նրանք ժամանել էին՝ շատերը կազմակերպված խմբերով և իրենց հոգևոր հովիվների ուղեկցությամբ, 11 երկրից՝ Հայաստանից, Լեհաստանից, Հունաստանից, Իսպանիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից և, իհարկե, Իտալիայի տարբեր քաղաքներից՝ իրենց աղոթքը միավորելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությանը։
Առանձնապես ողջունելի էր երիտասարդների մեծաթիվ ներկայությունը, որը յուրահատուկ շունչ հաղորդեց ողջ ուխտագնացությանը։ Այդ ոգին շարունակվեց նաև պատարագից հետո կազմակերպված սիրո սեղանի շուրջ, որտեղ տիրում էր ջերմ ու խանդավառ մթնոլորտ՝ ուղեկցված երգով, պարով և համահայկական ոգով։
Սուրբ Պատարագը մատուցեց Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ Իտալիայի, Իսպանիայի և Լեհաստանի հայ համայնքների հոգևոր հովիվների մասնակցությամբ։
Արարողության պատվավոր հյուրն էր Նեապոլի հոգևոր առաջնորդի փոխանորդ արքեպիսկոպոս Գաետանո Կաստելլոն, որը իր քարոզում փոխանցեց կարդինալ Դոմենիկո Բատալյայի սրտագին ողջույնները և խորին երախտագիտությունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնի առթիվ միասնաբար համախմբվելու հրավերի համար։
Նա կարևորեց քրիստոնեական եղբայրությունն ու եկեղեցիների միջև երկխոսությունը, որոնք վերահաստատվել են Հռոմի պապ Լևոն ԺԴ-ի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպման ընթացքում։
Քարոզում անդրադարձ կատարվեց նաև միջազգային լարված իրավիճակին՝ ընդգծելով խաղաղության հրատապ անհրաժեշտությունը և դատապարտելով պատերազմն ու բռնությունը խթանող ուժերին։
Խոսքի ընթացքում կաթոլիկ արքեպիսկոպոսը մաղթեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որն իր անսասան հավատքով և մինչև նահատակություն հասնող վկայությամբ վճռական դեր է ունեցել Հայաստանի դարձի մեջ և անձամբ կրել է Տիրոջ աշակերտների նկատմամբ բռնության փորձությունը, բարեխոսի բոլորի համար։ «Թող Սուրբ Գրիգոր Հայոցը մեզ համար հայցի քրիստոնյաների միության պարգևը՝ վկայություն, որն այսօր առավել քան երբևէ հրատապ է։ Մենք կոչված ենք աշխարհին ընծայելու այդ միության նշանը՝ փոխադարձ ընդունելությամբ և Տիրոջ աշակերտների եղբայրական հաղորդակցությամբ, որպեսզի տեսանելի դարձնենք այն, ինչ դավանում ենք Հավատամքում, ինչպես որ վերջերս միասին տոնեցինք Նիկիայի Տիեզերական ժողովի 1700-ամյակը», – ասաց նա։
Կաթոլիկ հոգևորականը քարոզը եզրափակեց շնորհակալության խոսքերով՝ Սրբազան հորը և հայ ուխտավորներին իրենց ներկայության համար՝ վստահեցնելով, որ Նեապոլը, իր հակասություններով հանդերձ, շարունակում է լինել խաղաղության քաղաք։
Քարոզին հաջորդեց Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի պատգամը, որում նա նախ շնորհակալություն հայտնեց փոխանորդին իր մասնակցության և վանքի միանձնուհիներին՝ իրենց ջերմ հյուրընկալության համար։ Ապա անդրադարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կերպարին և նրա մշտական ներկայությանը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ շեշտելով, որ նա միայն պատմական անձ չէ, այլ վերածնության խորհրդանիշ՝ անցում խավարից դեպի լույս։
Նա հիշեցրեց, որ սրբի ճանապարհը սկսվեց մերժումով, ատելությամբ և խորշանքով․ նա հալածվեց և նետվեց խոր վիրապը, ուր մարդու հույսը կարծես սպառվում է։ Բայց Աստծո համար վիրապը դարձավ նաև պտղաբեր հող՝ աղոթքի, ապաշխարության և նոր ծննդի։
Սրբազանը զուգահեռ անցկացրեց «վիրապի» փորձառության և հայ ժողովրդի մեր օրերի փորձությունների միջև՝ վստահեցնելով, որ Աստված շարունակում է այդ «խավարը» վերածել հավատքի, հույսի և վկայության դպրոցի։
«Սուրբ Գրիգորը ներկայ է այստեղ՝ ոչ միայն իր մասունքով, այլ առավել ևս սուրբ հոգով, որը միավորում է մեզ հայրենիքում և սփյուռքում ապրող մեր եղբայրների ու քույրերի հետ։ …Այս ուխտագնացությունը նորոգության կոչ է։ Ինչպես Տրդատն ու նրա արքունիքը, մենք ևս կոչված ենք նորոգելու մեր ուխտը Քրիստոսի հետ՝ մեր անձնական, ընտանեկան և ազգային կյանքում։ Սուրբ Գրիգորը մեզ հորդորում է չբավարարվել ձևական քրիստոնեությամբ, այլ վերածնել մեր հոգիները, մեր տները դարձնել փոքրիկ Էջմիածիններ, մեր սրտերը՝ կենդանի զոհասեղաններ։ Լուսավորված ազգը նա է, որը ոչ միայն հիշատակում է սրբերին, այլև քայլում է սրբության ճանապարհով», – ասաց Սրբազան հայրը։
Քարոզիչը առանձնացրեց Սուրբ Գրիգորի կյանքի երեք հիմնական պատգամները՝ հավատարմությունը ճշմարտությանը, ներման և ողորմության զորությունը, ինչպես նաև ծառայության ու վկայության կոչը։
Վերջում Սրբազանը ներկաներին հորդորեց, որ Պատարագի ավարտին, երբ մոտենան սրբի մասունքներին երկրպագելու, աղոթեն, որպեսզի Սուրբ Գրիգոր Լուսավորչի հոգևոր շունչը վերանորոգի մեր հոգևորականներին իրենց առաքելության մեջ, մեր ղեկավարներին՝ իրենց ծառայության մեջ, մեր ընտանիքներին՝ դաստիարակության մեջ, մեր երիտասարդներին՝ իրենց որոնումների ու պայքարների մեջ, և որ նրա բարեխոսությամբ Աստված այցելի մեր հայրենիքը՝ Հայաստանը, մխիթարի բռնի տեղահանված արցախահայությանը, զորացնի մեր ժողովրդին, բժշկի վիրավորներին և պարգևի արդար ու խաղաղ ապագա։