Երեկ, սեպտեմբերի 16-ին ավարտվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի երկօրյա պաշտոնական այցը Վատիկան, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը Հռոմից ոչ հեռու գտնվող Կաստել Գանդոլֆոյի պապական պալատում հանդիպեց Լեոն XIV Պապին։
———
Այցի շրջանակում Վեհափառ Հայրապետը նաև հանդիպումներ ունեցավ մի շարք Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Պետական քարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի, Քրիստոնյաների միասնության խթանման բաժնի նախագա Կարդինալ Կուրտ Կոխի, Արևելյան Եկեղեցիների բաժնի նախագա Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի, և Մշակույթի և Կրթության բաժնի նախագա Կարտինալ Խոսե Տոլենտինո դե Մենդոնսայի հետ։
Օդանավակայանում Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը Վատիկանում Գերշ․Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը և Վատիկանի՝ Քրիստոնեական միասնության խթանման բաժնի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պատասխանատու Հայր Հիասինթ Դեստիվելը։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը մեկնեց Սուրբ Մարիամ Մայր Եկեղեցի (Basilica di S. Maria Maggiore), որտեղ աղոթք բարձրացրեց Նորին Սրբություն Ֆրանկիսկոս Պապի շիրիմի առջև։ Այստեղ նրան դիմավորեց տաճարի լուսարարապետ Կարդինալ Ռոլանդաս Մակրիկասը։
Զրույցները անցան ջերմ բարեկամական և կառուցողական մթնոլորտում։ Հանդիպումների առանցքում էին տարածաշրջանային զարգացումները, խաղաղության հաստատման հրատապությունը, ինչպես նաև միջազգային հանրության և քրիստոնեական Եկեղեցիների համատեղ պատասխանատվությունը։ Քննարկումների ընթացքում շեշտվեց միջեկեղեցական երկխոսության խորացման և քրիստոնեական միասնական վկայության կարևորությունը։ Կողմերը անդրադարձան նաև համընդհանուր արժեքների պահպանմանն ու կրթական և մշակութային ծրագրերի խթանմանը։
Վեհափառ Հայրապետը հատուկ կարևորեց հայրենազրկված արցախահայության հիմնախնդիրները, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու պետական գործիչների ազատ արձակման հարցը։
Այցը եզրափակվեց Կարդինալ Կոխի կողմից տրված ճաշկերույթով, որին մասնակցեցին նաև Վատիկանի՝ Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը և Քրիստոնյաների միասնության խթանման բաժնի նախկին քարտուղար Եպիսկոպոս Բրայան Ֆարելը։
Հայաստանյայց Եկեղեցու պատվիրակության մաս էին կազմում՝ Գերշ․ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի նախագա Գերշ․ Տ․ Դանիել Եպիսկոպոս Ֆընտըգյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգշ․ Տ․ Գարեգին Վարդապետ Համբարձումյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգշ․ Տ․ Եսայի Աբեղա Գրիգորյանը, Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ Ավագ Քահանա Մելիքյանը և պարոն Սուրեն Տեր-Գրիգորյանը։